close

  • Հավատարիմ լինել իմ Հայրենիքին` Լեհաստանի Հանրապետությանը

     

  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • 22 Մայիս 2018

    ՀՀ-ում Լեհաստանի դեսպանության նախաձեռնությամբ`մայիսի 21-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ «Շոպենն ու Կոմիտասը` մեկ հարկի տակ» խորագիրը կրող միջոցառումը, որն իրականացվել է Հայաստանում Եվրոպայի օրվա տոնակատարությունների շրջանակներում, ինչպես նաև Լեհաստանի Անկախության 100-ամյակի առթիվ:

     

    Միջոցառման շրջանակներում կայացավ դասական երաժշտության համերգ` հայ հանրահայտ դաշնակահար և Հայաստանի վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանի կատարմամբ: Համերգից առաջ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի հետազոտությունների վարչության տնօրեն, գիտությունների թեկնածու Տաթևիկ Շախկուլյանը ներկայացրեց Կոմիտասի և Շոպենի ստեղծագործական զուգահեռներն, ինչը հյուրերին հիանալի հնարավորություն ընձեռեց ընկղմվելու Շոպենի ռոմանտիկ տրամադրության մեջ` միահյուսված Կոմիտասի դյութիչ երաժշտությանը:

     

     

    Համերգային ծրագրում ներառվել են հայ ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր, կոմպոզիտոր, երգահան Կոմիտաս Վադապետի դաշնամուրային ստեղծագործություններն ու դաշնամուրային պարերը` Երանգի, Մարալի, Ունաբի, Շուշիկի, ինչպես նաև ռոմանտիկ դարաշրջանի լեհ կոմպոզիտոր և վիրտուոզ, դաշնակահար Ֆրեդերիկ Շոպենի «Վալս», «Մազուրկա», «Պոլոնեզ» ճանաչված գլուխգործոցները: Հայկ Մելիքյանը ծրագրում երաժշտասերների համար կատարեց նաև հայ ժամանակակից կոմպոզիտոր Հարություն Դելալյանի սոնատը «Նվիրում Կոմիտասին»:

     

    Միջոցառումը մեկնարկեց Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանի բացման խոսքով, ով, մասնավորապես, հույս հայտնեց դեսպանության և թանգարանի միջև հետագա համագործակցությունը շարունակական բնույթ կկրի` նպատակ ունենալով հանրությանը ներկայացնել երկու երկրների մշակութային ժառանգությունը:

     

     

    Համերգային երեկոյի ընթացքում հյուրերը «հիանալի հնարավորություն ունեցան վայելելու երկու հանճարների ստեղծագործությունները, որոնք այլևս չեն պատկանում Լեհաստանին կամ Հայաստանին: Նրանք ներկայացնում են համամարդկային, վերազգային արժեքներ համաշխարհային մշակույթում ունեցած նշանակալի ավանդի համար, և, հետևաբար, մեր բոլորիս մասն են կազմում:»,- բացման խոսքում ընդգծեց Հայաստանում Լեհաստանի դեսպան Պավել Չեպլակը:  

     

     

    Դիմելով հանդիսատեսին` Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին շեշտեց, որ «երկու կոմպոզիտորները մեծ ավանդ ունեն եվրոպական մշակութային ինքնության մեջ. երկուսն էլ մեր մշակույթի գոհարներն են»: Դեսպանն անհամբեր սպասում էր, թե ինչպես է «փոթորկոտ մելանխոլիայի հանճարը հանդիպում թախծոտ խոհերի հանճարի հետ»:


    ՀՀ մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանն իր ներկայությամբ պատվեց երեկոն: Ի թիվս այլոց` միջոցառմանը ներկա էին դիվանագիտական առաքելությունների, միջազգային կազմակերպությունների, ՀՀ կառավարության, հասարակական կազմակերպությունների, լեհական համայնքի ներկայացուցիչներ:

     

    Միջոցառումն իրականացվել էր ՀՀ մշակույթի նախարարության հովանու ներքո և ֆինանսավորվել Եվրոպական միության և Լեհաստանի դեսպանության կողմից:

    Print Print Share: