close

  • Հավատարիմ լինել իմ Հայրենիքին` Լեհաստանի Հանրապետությանը

     

  • ՄՈՒՏՔԻ ԱՐՏՈՆԱԳՐԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

  • C կարգի միասնական ձևի (Շենգեն) մուտքի արտոնագիր (կարճաժամկետ)

     

    C տեսակի մուտքի արտոնագիրը թույլ է տալիս իրավատիրոջը 90 օրը չգերազանցող ժամկետով գտնվել Շենգեն գոտում` զբոսաշրջության, ընտանիքին կամ ընկերներին այցելության, գործնական, մարզական կամ մշակութային միջոցառումներին մասնակցելու նպատակով: Շենգեն արտոնագիրը կարող է տրվել մեկանգամյա, երկակի կամ բազմակի մուտքի իրավունքով: C տեսակի մուտքի արտոնագրով անձը կարող է գտնվել Շենգեն գոտում միայն 90 օրը չգերազանցող ժամկետով: Բազմակի մուտքի իրավունքով Շենգեն գոտի մուտք գործող անձը արտոնագրի վավերականության ընթացքում կարող է այնտեղ գտնվել ոչ ավելի քան 90 օր` յուրաքանչյուր 180 օր ժամանակահատվածում` հաշվված Շենգեն տարածք մուտքի առաջին օրվանից:

     

    Այցելության թույլատրելի տևողությանը վերաբերող կասկածների առկայության դեպքում, ի նկատի ունենալով, որ այցը չի կարող գերազանցել 90 օրը 180 օրվա ժամանակահատվածում, կարելի է օգտվել «Շենգենի արտոնագրային հաշվիչ» (Schengen calculator) հավելվածից, որը հասանելի է Եվրոպական Հանձնաժողովի կայքէջում` https://ec.europa.eu/assets/home/visa-calculator/calculator.htm?lang=en.

     

    Եթե դիմողը նախատեսում է 90 օրը գերազանցող այցելություն Շենգեն տարածքի որևէ երկիր, ապա պետք է դիմի երկարաժամկետ` D տեսակի (ազգային) մուտքի արտոնագրի համար:

     

     

    Ազգային տեսակի արտոնագիր (երկարաժամկետ D)

     

    D տեսակի մուտքի արտոնագիրն իրավունք է տալիս իրավատիրոջը 90 օրը գերազանցող ժամկետով գտնվել Լեհաստանում` գործնական, մշակութային, գիտական, կրթական, դասընթացներին մասնակցելու և աշխատելու նպատակով:  Այն արտոնագրում նշված ժամանակահատվածում (ոչ ավելի քան 365 օր) Լեհաստանում գտնվելու և (մեկից ավելի մուտք թույլատրող արտոնագրի առկայության դեպքում) 180 օրվա ընթացքում 90 Շենգեն տարածքում օր ազատ տեղաշարժվելու հնարավորություն է տալիս: D տեսակի արտոնագիրը կարող է տրվել Լեհաստան մեկնելու համար մեկանգամյա, երկակի կամ բազմակի մուտքի իրավունքով, և նրա վավերականության ժամկետը չի կարող գերազանցել 12 ամիսը:

     

     

    Տարանցիկ մուտքի արտոնագիր (C - TR տեսակի Շենգեն արտոնագիր)

     

    C -TR տեսակի տարանցիկ արտոնագիրը տրվում է այն դեպքում, երբ Շենգեն գոտի մուտքի միակ նպատակը տարանցիկ ճամփորդությունն է (օրինակ` Լեհաստանի տարածքով ճամփորդելն ամենակարճ և ամենահարմար եղանակն է Շենգեն գոտուց դուրս գտնվող մեկ երկրից դեպի մյուսը երթևեկելու համար): Տարանցիկ մուտքի արտոնագիրն օտարերկրացուն իրավունք է տալիս Շենգեն տարածքով ինքնաթիռով, ավտոմեքենայով, գնացքով, ավտոբուսով կամ փոխադրման այլ միջոցով մեկնել նշանակման վայր հանդիսացող երկիր 5 օրը չգերազանցող ժամկետում` սկսած Շենգեն գոտի մուտքի առաջին օրվանից: Տարանցիկ մուտքի արտոնագիր ստանալու համար դիմողները պետք է ունենան կա´մ նշանակման վայր հանդիսացող երկրի, կա´մ էլ նույնպես Շենգեն գոտուն սահմանակից երկրի մուտքի թույլտվություն: Մուտքի արտոնագիրը կարող է լինել մեկանգամյա, երկակի կամ բազմակի իրավունքով` կախված ճամփորդության երթուղուց:

     

     

    Օդանավակայանի տարանցիկ արտոնագիր (A տեսակի)

     

    Սույն արտոնագիրը տրվում է օդանավով երրորդ երկիր ճամփորդող անձանց, երբ չվուղին նախատեսում է վայրէջք Լեհաստանի Հանրապետության տարածքում գտնվող որևէ օդանավակայանում: Նման տեսակի արտոնագիրը պարտադիր է համարվում միայն Աֆղանստանի, Բանգլադեշի, Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետության, Էրիթրեայի, Եթովպիայի, Գանայի, Իրանի, Իրաքի, Նիգերիայի, Պակիստանի, Սուդանի և Շրի Լանկայի քաղաքացիների համար, որոնք նպատակ չունեն լքելու օդանավակայանի միջազգային տարանցիկ գոտին:

     

    A տեսակի օդանավակայանի տարանցիկ արտոնագիրն իրավունք է ընձեռում մուտք գործել միայն օդանավակայանի միջազգային տարանցիկ գոտի, այն իրավունք չի տալիս մտնել Շենգեն տարածք կամ լքել օդանավակայանի տարանցիկ գոտին:

     

    Այն դեպքում, երբ տարանցիկ երթևեկությունը նախատեսվում է ոչ թե Լեհաստանի, այլ մեկ ուրիշ Շենգեն երկրի օդանավակայանով, անհրաժեշտ է դիմել համապատասխան երկրի հյուպատոսական հաստատություն:

    Print Print Share: